«Հարգելի Կառավարություն, սա հրաժարականի մանիֆեստ է». Լեւոն Զուրաբյան
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ տեղի ունեցած երկու արտառոց իրադարձությունները, ցույց տվեցին մեր երկրի անվճարունակությունը: Ըստ Զուրաբյանի դրանցից մեկը ԸՕ՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված մեխանիզմների ֆինանսավորումն էր, մյուսը հազար դրամների նախագիծն է. « ԸՕ՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված մեխանիզմների ֆինանսավորման համար մեր իշխանությունները չէին կարողանում հայթայթել այդ մի քանի միլիոն դոլարը, եւ հարցն, ի վերջո, լուծվեց ԵՄ միջոցով: Մյուսը հազար դրամների նախագիծն է, երբ պարզվեց՝ այդ հինգ միլիարդ դրամը բյուջեում չկա զինվորների համար, եւ արդյունքում ունեցանք նոր հարկատեսակ: Այս երկու իրադարձությունները վկայում են մի բան՝ մեր պետությունը արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի մեջ: Նույնը վկայում է նաեւ բյուջեի նախագծում ներկայացված փաստաթուղթ, որտեղ եկող տարվա պակասուրդը կազմում է աներեւակայելի մի թիվ՝ 5.8 տոկոս, իսկ 2020թ., երբ պետք է սպասարկենք մեր պետական պարտքը, դրա համար կվճարվի բյուջեի 28 տոկոսը»: Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, ապա նա կարձագանքեր այս ցուցանիշներին ու կներկայացներ այն հաղթահարելու պլան՝ ըստ տարիների, որը չի արվել: «Գոյություն ունի առողջ բալանս զարգացման տեմպերի ու պարտքերի ծավալների միջեւ: Մեզ մոտ դա չի զուգակցվում: Բացի այդ, արտերկրի ուղղակի ներդրումների կատաստրոֆիկ անկում ենք ապրել: Աղետալի վիճակում է բանկային համակարգը՝ շահութաբերությունը -0 -0.6 տոկոս է, իսկ գործազրկությունն ու արտագաղթն ահռելի թվերի են հասնում: Ի՞նչ է կատարվում մի երկրի հետ, որի զարգացումը հետ է ընկում պարտքի ծավալներից: Այն գնալով ավելի շատ է խրվում պարտքի մեջ, իսկ այդ դեպքում միջազգային կառույցները տրվելիք նոր պարտքերի պայմանները սկսում են փոխել՝ ավելացնելով տոկոսները: Երկրի շարունակական քայքայման ծրագիր է ներկայացվել: Հարգելի Կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է»,- հայտարարեց նա: Սոնա Դավթյան
