Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջև կա զրոյական վստահություն.նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հիշեցրել է, որ մի քանի անգամ Երևանն ու Բաքուն մոտ են եղել ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթի ստորագրմանը, որտեղ արտացոլված էին լինելու դրա հիմնարար սկզբունքները.«Այն է՝ հայկական կողմը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են։ Սակայն առաջին կետով այնտեղ հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը լուծվելու է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով։Այդ ազատ կամարտահայտումն ունի պարտադիր իրավական ուժ, այնուհետ գրված էր, թե ով է մասնակցում, ինչպիսին է օրակարգը, այսինքն՝ հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորում էր, սակայն ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում»: «Հայկական կողմը մինչև այժմ պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթին։ Սակայն մեր պատրաստ լինելը ոչինչ չի նշանակում, քանի որ նման դեպքերում պետք է պատրաստ լինեն կողմերը, այլ ոչ թե մեկ կողմը։Բացի այդ՝ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջև կա զրոյական վստահություն, վստահություն չկա բացարձակ»,- հավելել է ՀՀ նախագահը։
