«Իսկանդերը» հակաթույն է. Սերժ Սարգսյան
«Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը պարտադրված քայլ էր՝ ուղղված տարածաշրջանում կայունության պահպանմանը :Դա պարտադրված միջոցառում էր` մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ ռազմական իրավիճակը հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարում կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպես Ադրբեջանը, նկատի ունեմ՝ ֆինանսական հնարավորություններ, բայց մենք մշտապես փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Ըստ իս՝ տվյալ դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի հակաթույն է»,- «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ դրան, իսկ ի՞նչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես:Երևանը Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին պայմանագիր»,- հավելել է Հայաստանի նախագահը։ «ՌԴ-ն դրանից ելնելով, ընդառաջել է մեր խնդրանքին և տրամադրել մեզ ռազմական տեսակետից այդ հիանալի համակարգը։ Իհարկե, մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ պարտադրված ես, գնում ես նաև այդ քայլին»,- նշել է Սերժ Սարգսյանը։
