Անհրաժեշտություն չկա թվարկել բոլոր ծրագրերը.Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նախաթելեթոնյան ուղերձ է հղել: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Մի քանի օրից մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը, և Հիմնադրամի գործադիր վարչությունն իր գրասենյակներով արդեն նախապատրաստվում է այդ միջոցառմանը: Որոշ համայնքներում էլ արդեն անցկացվել կամ անցկացվում են դրամահավաքներ: Այս շրջանում, որպես կանոն, աշխուժանում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի վերաբերյալ դիրքորոշում և վերաբերմունք արտահայտող լրագրողների, լրատվամիջոցների և շարքային քաղաքացիների թիվը, ինչը ևս կարևոր է մեզ համար, քանզի հնարավորություն է տալիս կողքից նայել մեր գործունեությանը և, անհրաժեշտության դեպքում, բարելավել այն: Առավել, իհարկե, շրջանառվում է Հիմնադրամի նկատմամբ վստահության հարցը, ինչը ևս հասկանալի է, քանի որ «Հայաստան» հիմնադրամը եղել և մնում է թիվ մեկ բարեգործական կազմակերպությունը, որը ազդեցիկ է թե՛ իր աշխարհագրությամբ և թե՛ իրականացրած ծրագրերի ծավալով: Անհրաժեշտություն չեմ տեսնում թվարկել այն բոլոր ծրագրերը, որ Հիմնադրամը ձեզ հետ միասին իրականացրել է այս 25 տարիների ընթացքում` իրապես փոխելով շատ համայնքների դիմագիծն ու այնտեղ ապրող մարդկանց կյանքը: Այդ ծրագրերի ընթացքին, մեկնարկից մինչև բացում, հանրությունը կարող է հետևել Հիմնադրամի կայք և ֆեյսբուքյան էջերի, ինչպես նաև մեր հաշվետվությունների միջոցով, որոնք ներկայացվում են հնարավոր բոլոր ձևերով, ներառյալ` հաղորդագրություն, տեսանյութ, լուսանկար, ակնարկ, հաշվետու այց, ֆիզիկական և ֆինանսական աուդիտների եզրակացություններ: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հայտարարել, որ վստահություն Հիմնադրամի նկատմամբ եղել է և կա, և դրա ապացույցն այն շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր ծրագրեր են, որ յուրաքանչյուր տարի միասնական ջանքերով իրականացնում ենք Հայաստանում և Արցախում: Վստահության և նվիրատուների աճող թվի մասին է վկայում նաև օրեր առաջ Տորոնտոյի մեր հայրենակիցների դրամահավաքը, որի արդյունքում հանգանակվել է այդ համայնքի համար ռեկորդային թիվ` մեկ միլիոն ամերիկյան դոլար: Սփյուռքահայ մեր հայրենակիցների հանդեպ երախտագիտությամբ հանդերձ, կարծում եմ մենք նախևառաջ պահանջ կոտ պետք է լինենք մեր նկատմամբ: Մաղթում եմ մեզ հաջող դրամահավաք, և թող բարի կամքի տեր մարդիկ համալրեն մեր շարքերը»:
