Սաակաշվիլին կզրկվի՞ Ուկրաինայի քաղաքացիությունից
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում՝ վկայակոչելով «շատ լավ տեղեկացված աղբյուրի» հայտարարել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն իբր մտադիր է զրկել իրեն ուկրաինական քաղաքացիությունից: Սաակաշվիլիի տվյալներով՝ նախագահն այդ հարցը հանձնարարել է Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոյին և Ռադայի իրավական քաղաքականության և արդարադատության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Գրանովսկուն, որին նա անվանել է «նախագահի վարչակազմում կոռուպցիոն բուրգում դատական գործերի ոչ պաշտոնական ղեկավար»: «Նախատեսվում է զրկել ինձ քաղաքացիությունից դատարանի որոշմամբ:Միջազգային իրավունքը և ուկրաինական օրենսդրությունն արգելում են զրկել Ուկրաինայի քաղաքացիներին քաղաքացիությունից, եթե նրանք չունեն այլ քաղաքացիություն: Շատ ցավալի է, որ նախագահն օգտվում է ոչ միայն այդ բացահայտ հանցավոր խաբեբաների ծառայություններից, այլև լսում է նրանց խորհուրդները»,- ասել է Սաակաշվիլին:
