«Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանում է օֆշորներ». Հրանտ Բագրատյան
«Ես կարծում եմ, որ մենք զոհված, իրենց կյանքը տված կամ վիրավորված, առողջությունը կորցրած ընկերների հարցը պետք է լուծենք նաև կենդանի զինվորների հարցի հետ միասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ «Ես կարծում եմ, որ մենք արդեն սկսել ենք սիրել և ավելի շատ հարգել զոհվածներին, քան, երբ նրանք կենդանի են։ Նույնիսկ, երբ հերոսին մեդալ ենք տալիս, մի քիչ խուսափում ենք կենդանի մարդկանց տալ. 1990-ականների և ապրիլյան իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում է։ Սա Սովետական Միությունը չէ, ժամանակն է, որ զինվորին դրա համար տրվի լիարժեք աշխատավարձ»,- նշեց պատգամավորը։ Հ. Բագրատյանի խոսքով՝ եթե մենք զինվորներին տալիս ենք նվազագույն աշխատավարձ, մեզ անհրաժեշտ է տարեկան լրացուցիչ 30 միլիարդ դրամ, իսկ եթե մենք ուզում ենք միջին աշխատավարձ տալ՝ 170 հազար դրամ, պետք է 80 միլիարդ դրամ. «Դրանից հետո մենք նաև պետք է լուծենք այն զինվոների հարցը, որոնք արյուն են տվել կամ առողջություն են կորցրել։ Ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը։ Պետք չէ ասել, որ բյուջեում այդ փողերը չկան։ Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանում է օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով։ Պղինձն արտահանվում է օֆշոր, ասենք, 2000 դոլար, այնտեղից վաճառում է 4-4.5, 5-5.5 հազար դոլար։ Բոլորը դրա մասին գիտեն, այդ փողի տեղը գիտեն։ Կամ մենք ասում են՝ բարձրացրեք գույքահարկը, սա էլ կլինի 20 միլիարդ։ Ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը 53 մեքենա ունենա, այն 5-6 մեքենա պետք է ունենա, մեկը՝ Ազգային ժողովի նախագահը, մի երկու հատ էլ մյուսներին սպասարկելու համար։ Ինչո՞ւ պետք է Կենտրոնական բանկում 20 տարում 250-300 հազար դրամից հաստիքը դառնա 820 հազար դրամ։ Կամ ինչո՞ւ պետք է ավելի քան երկու անգամ ավելանա կառավարությունը։ Սա այն դեպքն է, երբ կարելի է կրճատել։ Այս ձևով վերաբաշխեք»։
