«Ազգ-բանակ գաղափարի հիմքում ընկած է աշխարհի լավագույն փորձը». Վիգեն Սարգսյան
Ազգ-բանակ գաղափարի հիմքում ընկած է աշխարհի լավագույն փորձը, սակայն այն Հայաստանի մոդելն է, հարմարեցված է Հայաստանի առանձնահատկություններին և մարտահրավերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «ազգ-բանակ» կոնցեպցիայի հիմնական դրույթները:«Հաճախ լսել ենք, որ սա Իսրայելի, Շվեյցարիայի կամ Սինգապուրի մոդելն է, սակայն սա Հայաստանի մոդելն է` իր բոլոր առանձնահատկություններով, մարտահրավերներով և այլն: Մենք պետք է, սովորելով լավագույն փորձից, շարժվենք մեր ուղով»,- նշեց նախարարը: Արդյոք բանակի զարգացման նոր մոտեցումն առաջ քաշելով` Վիգեն Սարգսյանը համարում է, որ նախկինում ՀՀ զինված ուժերի զարգացումն ընթանում էր սխալ ուղով. հարցի պատասխանը նախարարի համար միանշանակ է` ոչ: «Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ-բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ: Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25-րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում: Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ-ն իր բոլոր կառույցներով: Վստահ եմ, որ «ազգ-բանակ» կարելի է կառուցել միայն գոյություն ունեցող հիմքի վրա: Համարելով, որ այդ հիմքը բավականաչափ ուժեղ է` այդ տեսակետից եմ առաջարկել այս մոտեցումը»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ պետության տարածքի համեմատ, անհամաչափ մեծ զինված ուժեր ունի և ունենալու է դեռ երկար ժամանակ` անկախ նրանից, թե ինչպես կզարգանա ղարաբաղյան գործընթացը, ինչքան շուտ այն կգտնի իր լուծումը, ինչպիսին կլինի այդ լուծման կիրառման ճանապարհային քարտեզը: Այնուամենայնիվ, տարածաշրջանային մարտահրավերների բնույթը և Հայաստանի հարևաններն այնպիսին են, որ երկիրը դեռ երկար պահելու է մեծ զինված ուժեր:
