Կոնդի բնակիչների հարցը՝ խորհրդարանում
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց Կոնդի բնակիչների համար բնակարաններ կառուցելու վերաբերյալ, որպես փոխհատուցում գերակա շահ ճանաչված տարածնքերի մասին: Փոստանջյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել է գերակա շահ եւ օտարվել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պատասխանելով հարցին, նշեց, թե 2007թ սկսված ծրագիրը առաջին փուլում ձախողվել էր, որի արդյունքում կառավարությունը 2012թ ստիպված է եղել նոր միջոցներ փնտրել, որ կարողանա քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրները լուծել, սակայն առ այսօր խնդիրը լիարժեք լուծում չի ստացել: Ըստ Լոքյանի՝ համապատասխան կառուցապատողները տեղեկացրել են որ 2017թ հոկտեմբերին 1860 քառակուսի մետր տարածքով բնակտարածքը շահագործման կհանձնեն բնակիչներին, 70 ընտանիքների գույքը հետ է վերադարձվել բնակիչներին: Երկրորդ շենքը 1450 քառակուսի մետր տարածքով, հնարավոր է որ չկառուցվի, որովհետև բնակիչների մեծ մասը հրաժարվում են այդ շենքից, գերադասելով փոխհատուցում, 310 միլիոն դրամ արդեն փոխհատուցում է տրվել, ևս 100 միլիոն դրամի փոխհատուցում պետք է տրամադրվի բնակիչներին: Վարձակալության գումարներ բնակիչները ստանում են: Այսպիսով բնակիչների մի մասը բնակարան կունենան կառուցվող շենքում, մի մասն էլ կստանա փոխհատուցում: Նշենք, որ Կոնդ թաղամասի բնակիչները տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում պահանջելով իշխանություններից լուծել իրենց բնակարանային խնդիրը, սակայն առ այսօր այն լուծում չի ստանում: Փայլակ Ֆահրադյան
