«Ես ցանկություն չունեմ նոր թիմի հետ աշխատելու». Նվեր Մնացականյանը հեռանում է Հ1-ից
ամացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Սակայն նշենք, որ ըստ Asekose.am-ի տեղեկության՝ վերջինս շարունակում է աշխատել Հ1-ում, պարզապես Նվեր Մնացականյանն այլևս չի վարելու լուրերի թողարկումը, որն այսուհետ կոչվելու է «Օրակարգ», ինչպես նաև «Հարցազրույց» ծրագիրը: Մնացականյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ազատվել աշխատանքից: – Պարոն Մնացականյան, դուք հեռացվե՞լ եք աշխատանքից: – Եթե «հեռացնել» բառը հանեք՝ կպատասխանեմ: – Ձեր դիմումի հիման վրա՞ եք ազատվել: – Դեռ չեմ ազատվել: Կորոշեմ՝ ազատվե՞լ, թե՞ ոչ: – Իսկ ի՞նչ է իրականում եղել: – Նոր ղեկավարություն է եկել, պիտի հասկանա՝ կարո՞ղ ենք իրար հետ աշխատել, թե՞ ոչ: – Ինչ-որ խոչընդոտներ կա՞ն աշխատելու համար: – Չէ, չէ, ոչ մի բան չկա: Եկել են նոր մարդիկ, որոնք նոր թիմ են ձեւավորում: Կամ պետք է մտնես այդ թիմ, կամ՝ ոչ: – Դուք ցանկություն ունե՞ք մտնելու թիմ, թե՞ ոչ: – Չէ, ես չունեմ: – Հնարավո՞ր է առաջիկայում դիմում գրեք: – Ոչինչ չի բացառվում, իհարկե: Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը մեր զրույցում հաստատեց կադրային փոփոխությունների լուրը, իսկ Նվեր Մնացականյանի հեռացումն այսպես մեկնաբանեց. – Նվեր Մնացականյանը չի հեռացվել աշխատանքից, Նվեր Մնացականյանին առաջարկվել է այլ տարբերակներով պրոյեկտներ ներկայացնել, գուցե այլ ոլորտում շարունակել աշխատել՝ եթե հարմար գտնի հեռուստատեսության տնօրինությունը: Դա կադրային ջարդ անվանելը ճիշտ չեմ համարում: Դուք ինձ նախորդ անգամ հարցրեցիք եւ ես ձեզ անկեղծ պատասխանեցի, որ ցանկացած նոր ղեկավար կուզի, որ փոփոխություններ անի: Ես եկել եմ, ուզում են փոփոխություններ անել: Դուք որպես հասարակության ներկայացուցիչ ուզո՞ւմ եք, որ հեռուստատեսությունում փոփոփոխություններ լինեն եւ եթերը հետաքրքիր դառնա նաեւ ձեզ համար: – Եթե փոփոխությունները դրական են լինելու, հասարակության համար ցանկալի կլինի: – Վերջ ուրեմն, սա կադրային ջարդ չի: – Իսկ էլ ո՞ւմ եք նախատեսում առաջիկայում տեղափոխել կամ ազատել աշխատանքից: – Ես խոստանում եմ, առաջիկայում, եթե նման բաներ լինեն՝ կիմանաք: Ես պետք է աշխատեմ, հանձրարարություններ տամ, տեսնեմ դրանք ինչպես են կատարվում, որքանով է դա համապատասխանում իմ պատկերացրած կոնցեպտին, լսարանի պատկերացրած կոնցեպտին, ըստ այնմ, կկողմնորոշվենք, կորոշենք: Տեղափոխություններ կլինեն, բայց սա կադրային ջարդ որակելը ինձ համար զավեշտալի է: Մի կողմից հանրությունն ուզում է փոփոխություններ, մյուս կողմից դա համարում կադրային ջա՞րդ: Մեր տեղեկություններով այս պահին քննարկվում է նաեւ «Առաջին լրատվականի» հաղորդավար Զարուհի Ռշտունուն այլ հաղորդում տեղափոխելու կամ աշխատանքից ազատելու հարցը: Հարություն Հարությունյանն այս տեղեկությունը չհաստատեց:
