Վիգեն Սարգսյանի միլիոնատեր կինն էլ պետք է 1000 դրամ վճարի, աղքատ խա՞վն էլ
Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը մուրացկանության նախագիծ է: Այս մասին, այսօր ԱԺ ամբիոնից հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի սա օրենք է մուրացկանության մասին: «Սա է հանրության ընկալումը: Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա այն չի կարող լինել բոլորի համար ընդամենը հազար դրամ: Հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում ժողովրդին պաշտպանել, պատերազմին մասնակցել, իրենց թանկարժեք զարդերը հանում ու դնում էին սեղանին: Նորանշանակ նախարարի տիկինը դարձել է միլիոնատեր: Ու հիմա նա էլ պիտի վճարի 1000 դրամ, բնակչության աղքատ խա՞վն էլ: Սա ազգային տուրք չէ, մուրացկանություն է: Ամոթ է, մենք պետք է բոլորս դեմ քվեարկենք, որովհետև այս մոտեցումն անարդար է: Տոհմիկ կանայք թող բերեն՝ սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը»,- ԱԺ ամբիոնից հատարարեց Զարուհի Փոստանջյանը: Նա կոչ արեց՝ հերիք է այսպիսի մոտեցումներով հանդես գալ: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ օրինագիծը չի տարածվելու նրանց վրա, ովքեր մահացել են ոչ հակառակորդի գնդակից, այլ՝ կարգապահական նորմերի խախտումից և այլն: «Իսկ ո՞վ գիտի՝ այդ դեպքերը ինչպես են տեղի ունենում: Պարզ չի, սպանությունները ոնց են լինում: Գործեր կան, դատական համակարգերում տարիներով պտտվում են, մեղադրյալներ չկան: Խոսում եք բարոյականությունից, բայց չստեղծեցիք հանձնաժողով, որ այդ դեպքերը բացահայտվեն ու այդ դո՞ւք էիք բարոյականը, թե հանրությունը, որ քննադատում է»,- ասաց Փոստանջյանը: Պատգամավորն ասաց, որ զինվորներին 4000 դրամ սահմանված գումարներն անգամ չեն տրվում, նրանք ստորագրում են, բայց տեղ չեն հասնում: Ամբողջությամբ, ըստ պատգամավորի, տեղ չեն հասնում նաև «տուլիկները»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց նման խախտումների մասին տեղեկացնել դատախազությանը, Պաշտպանության նախարարությանը: «Հակառակ դեպքում, դուք այստեղ զբաղված եք մարդկանց վարկաբեկելով: Եթե կա փաստ անօրինականության մասին, ներկայացրեք: Հերիք ա ասեք՝ դուք չգիտեք, չգիտեք… Ներկայացրեք, հակառակ դեպքում սուտ վկայություն եք տալիս, մտցնում ենք բոլորին փակուղի: Իմացեք ձեր խոսքի արժեքը»,-նշեց նա: Փայլակ Ֆահրադյան
