Հիշեք 20–ամյա հերոսին եւ նրա խոսքերը. Այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է
«Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»: Սրանք Արցախի հերոս քսանամյա Ռոբերտ Աբաջյանի խոսքերն են: Նա այսօր կդառնար քսան տարեկան: Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ Ունի ավագ եղբայր։ 2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012-ին։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։ 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ «Ասում են, որ երբ տեսել է, որ կողքը ընկերները չկան, ինքը ձեռքերը վեր է բարձրացրել ու առաջ է գնացել՝ իբր հանձնվում է հակառակորդին: Բայց երբ մոտեցել են, վերջին պահին պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, հետն էլ 10 ազերի սպանել: Ես այդ հերոսությունը գիտեմ: Հրամանատարները հանգամանքները գիտեն: Մենք իր խառնվածքը իմանալով՝ գիտեինք, որ ինքը փախչող, խուսափող չէր: Գիտեինք, որ դոշը դեմ տված կկանգներ թշնամու դեմ»,- հետո պատմել էր Աբաջյանի հորաքույրը: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ և «Ոսկե արծիվ» շքանշանով։ Փայլակ Ֆահրադյան
