Եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, չեմ նեղանա. ՀՀԿ փոխնախագահ
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե կուսակցության առաջիկա համագումարում ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում իրեն փոխարինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստերում այդ հարցը չի քննարկվել: «Իմ իմանալով մամուլը չի նշանակում, հանում կամ դնում»,- ասաց նա` խոստանալով ՀՀԿ ԳՄ-ում քննարկման դեպքում տեղեկացնել։ Ինչպես ասաց՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հետ վաղուց է համագործակցում. «Վարչապետը նախկինում քաղաքապետ է եղել և ՀՀԿ-ի ցուցակով է եղել, այնպես որ, նորություն չի, որ նա ՀՀԿ-ի հետ համագործակցում է»: Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, արդյոք նորից ներկա կլինի՞ հաջորդ խորհրդարանում, Ռ. Զոհրաբյանը նշեց, որ, եթե կուսակցությունն անհրաժեշտություն գտնի, որ ինքը պետք է լինի ԱԺ-ում՝ կլինի, եթե ոչ, ապա դրանից չի նեղվի։
