Ասել են բանակի համար փող չկա, որ Դիլիջանում 40 մլն դոլարանոց սաունա են սարքել. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ժամանակն է ասել՝ ինչ եղավ և ոնց եղավ: «Տասնյակ տարիներ բանակում ծառայած սպան ունի ամենաչնչին սոցիալական կարիքները, էլ չեմ ասում բնակարանային կարիքների մասին, նախարարն ասում է՝ 20 տարի կպահանջվի այդ հարցը լուծելու համար, էլ չմոռանանք, որ տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասում ա՝ մարդա 100 դրամ տվեք, որ մանկական առողջության հարցերը լուծենք: Խոսում են ապրիլյան պատերազմի մասին, ասում են՝ ո՞նց եղավ, ժամանակն է ասել՝ Հայաստանի կառավարությունը վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով՝ չի տվել փողն ուղղակի: Ասում են՝ մի բարձրաձայնեք, թուրքը կտեսնի, կուրախանա: Բայց մենք պետք է մեր բանակի խնդիրների մասին բարձրաձայնենք: Բանակին գումարն ուղղելու փոխարեն, Դիլիջանում 40 միլիոնանոց սաունա են սարքել, Կենտրոնական բանկում սարի գլխին 60 միլիոնանոց դաչա են սարքել, էս ա ապրիլյան պատերազմը: Չինովնիկները մի քանի միլիոնանոց մեքենաներից իջնում ու ասում են՝ դե մեր պետության միջոցները սուղ են, է թող ձեր համար լինեն սուղ, պատերազմի հավանականությունը շատ մեծ է եւ այս 1000 դրամով մենք հարց չենք լուծելու, ուղղակի ձգելու ենք մեր ժամանակը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական:
