Պատերազմի ժամանակ որոշում կկայացնի ռուսական կողմը
Ինտերֆաքս գործակալությունը հայտնում է,որ Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ զորախումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել։ Երկու երկրների ուժերով ստեղծվելիք ռազմական միավորը գործելու է Ռուսաստանի բանակի Հարավային ռազմական օկրուգի կազմում և կոչված է լինելու պաշտպանել ՌԴ-ի հարավային սահմանները։ Վլադիմիր Պուտինն արդեն հավանություն է տվել կառավարության առաջարկին՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև համապատասխան պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ Նաև հանձնարարվել է ՌԴ-ի ՊՆ-ին Արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ բանակցություններ սկսել հայկական կողմի հետ՝ պայմանագիրն ստորագրելու համար։ Պայմանագրի նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը, համաձայնեցված է Արտաքին գործերի նախարարության և գործադիր իշխանության այլ մարմինների հետ։ Խմբավորման կարևորագույն խնդիրներից է լինելու մասնավորապես «ծածկել» Ռուսաստանի Հարավային սահմանը՝ ՀԱՊԿ ուժերի հետ մեկտեղ։
