Պավել և Արամ Մանուկյանների առողջական վիճակի մասին
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ և Պավել Մանուկյանները «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժզննում են անցել: «Պավել և Արամ Մանուկյանները բուժզննում են անցել «Էրեբունի» ԲԿ-ում: Ըստ բժիշկների՝ նրանց ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում են նորմալ», - Facebook-յան իր էջում գրել է Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նա նշել է՝ թե Պավլիկը, թե Արամը, առանձնապես, գանգատներ չունեն: «Շնորհակալություն են հայտնում ջերմ մաղթանքների ու բարի կամեցողության համար», - հավելել է փաստաբանը: Արամ և Պավլիկ Մանուկյանները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը:
