Վարուժան Հոկտանյան. Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա
Հատված «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հարցազրույցից: – Պարոն Հոկտանյան, այն ուղին, որն ընտրվել է մեր երկրում կոռուպցիան վերացնելու համար, ճի՞շտ է։ – Իսկ ի՞նչ ուղի է ընտրվել։ – Չգիտեմ։ – Ես էլ չգիտեմ։ – Համենայն դեպս ասվում է, որ ուզում են վերացնել կոռուպցիան։ – Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա։ Այն պետք է գոնե նվազի։ Իսկ եթե փորձեն ամբողջությամբ վերացնելու համար դաժան պայքար մղել, ապա կարող է բերել հակառակ արդյունքի։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հարկավոր է դանդաղ գործողություններով կոռուպցիան նվազեցնել։ Օրինակ, տեսեք, Վրաստանում կտրուկ քայլերի դիմեցին, մի քանի տարի լավ էր, բայց հիմա կրկին խնդիրներ են առաջանում։ Պատճառն այն է նաև, որ եթե կոռուպցիան ուզում ես արագորեն վերացնել, ապա հասարակությանը պետք է առաջարկես այլընտրանքային տնտեսական կամ քաղաքական մոդել։ – Այսինքն՝ վարչական միջոցներով հնարավոր չէ՞ պայքարել կոռուպցիայի դեմ։ – Իհարկե ոչ։ Միայն վարչականով՝ ոչ։ Միայն պատժելով՝ ոչ։ Միայն կանխարգելելով առանց պատժելու՝ ոչ։ Առանց հանրային աջակցության, երբ ունես անտարբեր և կոռուպցիան հանդուրժող հասարակություն, կրկին ոչինչ անել չես կարող։ Պարզապես պետության խնդիրն է որոշել, թե ինչից սկսել։ Քանզի շարունակել նույն կերպ ապրել ու աշխատել՝ սպասելով, որ բնակչությունը մի օր կակտիվանա, չի կարելի։ Բնակչությունը կարող է բոլորովին այլ հարցի հետ կապված ակտիվանալ։ Ինչպես, ասենք, ապրիլյան պատերազմից հետո եղավ։ Բայց եթե նման այլ հարցեր չկան՝ աշխարհաքաղաքական կամ տնտեսական ծանրագույն վիճակ և այլն, ապա հատուկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանում հավանական չեմ համարում ժողովրդական մոբիլիզացիան։ Նախ և առաջ հարկավոր է փոխել տնտեսական մոդելը։ Ներկա մոդելով քիչ հավանական է, որ մենք կարողանանք կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ քայլեր անել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
