Դուք հասարակության մեջ ստեղծում եք մի կարծիք, որը գեղեցիկը, հարուստը դիտվում է որպես վատ. Գասպարյանի փեսան մեղադրում է լրագրողներին
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան նորմալ է համարում ՊՆ Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի հաջորդ տարվանից աշխատող յուրաքանչյուր քաղաքացուց պարտադիր կերպով գանձվելու է հազար դրամ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Գեւորգյանը: Դիտարկմանը, թե հասարակությունը վստահություն չունի գումարը հավաքողի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ բարձրաձայնում է որ այդ գումարները տեղ չեն հասնում, Գեւորգյանը նշեց, թե վստահություն չլինելը հարցի մյուս կողմն է: <Իսկ ինչ վերաբերում է թե արդյոք տեղին է, ապա այո տեղին է: Ես կողմ եմ, դեմ չեմ, բայց կարծում եմ տոկոսային հարաբերություն պետք է լինի, այսինքն շատ աշխատավարձ ստացողը շատ վճարեր, քիչը՝ քիչ>,- ասաց պատգամավորը: Նա չբացառեց,որ այդ հարցը կբարձրացնի: Լրագրողներից մեկի հարցին, թե տեսակետ է հնչում, որ բանակի գումարները թալանողներին պետք է պատժեն, եւ այդ փողերը նախ ուղղեն, կիսում եք այդ տեսակետը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը տվեց հետեւյալ պատասխանը. <Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, ապա նորմալ եմ դա համարում, իսկ եթե հարստացել է բանակի հաշվին, ապա դրա համար կան պատկան մարմիններ, ովքեր պետք է զբաղվեն այդ հարցով>: Արթուր Գեւորգյանն ասաց, թե եղել են դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր թույլ են տվել չարաշահումներ պատժվել են: <Դուք հասարակության մեջ ստեղծում եք մի կարծիք, որը գեղեցիկը, հարուստը դիտվում է որպես վատ: Լրագրողներն են նման բան ստեղծում, եւ թածը չորի հետ խառնվում է>,- ասաց Գեւորգյանը, հավելելով, որ չպետք է չարանալ հաջողակների նկատմամբ: Դիտարկմանը, թե վերջերս հայտնի դարձավ, որ Դուք ԱՄՆ-ում ունենք շքեղ անշարժ գույք: Ի պատասխան Ոստիկանապետի փեսան ասաց, թե դա իրականությանը չի համապատասխանում: Արթուր Գեւորգյանի խոսքով ինքը դեռեւս պատգամավոր դառնալը ունեցել է միջոցներ, որոնք ներկայումս էլ ուղղում է Բռնցքամարտի ֆեդերացիային, որն ինքն է ղեկավարում: Ինչ վերաբերում է հարցին, թե հաջորդ խորհրդարանում Ձեզ կտեսնենք, ապա Գեւորգյանն ասաց, թե ժամանակը ցույց կտա: Ընդհանուր առմամբ Գեւորգյանը երբեք խորհրդարանում ելույթ չի ունեցել, որեւէ հարց չի ուղղել: Նա գտնում է, որ պատգամավորական գործունեությունը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալը չէ: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը մեծամասնական ընտրակարգով է ընտրվել եւ աշխատում է իր ընտրողների հետ: Մեր հարցին, թե փաստորեն մեծամասնական համակարգը հանվել է, Գեւորգյանն արձագանքեց. <Ձեզ թվում է, որ չկա, դուք ուսումնասիրեք այդ համակարգը եւ կտեսնեք, որ կա>: Ըստ պատգամավորի դա ավելի շատ քողարկված մեծամասնական համակարգ է: Փայլակ Ֆահրադյան
