Փայտյանի բիզնեսում՝ 15 մլն. դրամի խախտում
Հրապարակն արդեն հայտնել էր, որ բանակին գոմեշի միս մատակարարելու սկանդալի հետեւանքով դեռեւս 2012թ. սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի եւ նրա զավակների գործերը վատ են: Երեկ տեղեկացանք, որ նրա որդին՝ Վահե Փայտյանը, որը Երեւանում խաղաղապահ զորքերի ղեկավարն էր եւ մինչեւ վերջերս Նոյեմբերյանում շտաբի պետ էր, աշխատանքից ազատման դիմում է գրել: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Փայտյանի որդին ընդմիշտ ԱՄՆ է մեկնում աներոջ միջոցով, որը ֆիզմաթդպրոցի եւ «Ուսում» մասնավոր դպրոցի տնօրենն է: Լավ չեն նաեւ գեներալի մյուս որդու՝ Գեւորգի գործերը: Նա, սակայն, չի կարող արտերկիր մեկնել, քանի որ դեսպանատունը երկու անգամ մերժել է նրան վիզա տրամադրել: Այժմ, մեր տեղեկություններով, հարկայինը Փայտյանի բիզնեսներում ստուգումներ է արել եւ մոտ 15 մլն. դրամի խախտում հայտնաբերել: Փայտյանի ընտանիքը մի շարք բիզնեսներ ուներ՝ միջքաղաքային երթուղայինի գծեր, ջրատար խողովակների գործարան, չեխական գարեջրի ներմուծում եւ այլն: Բայց սա դեռ ամենը չէ, ինչպես ասում են՝ դժբախտությունը միայնակ չի գալիս: Տեղեկացանք նաեւ, որ բանկերը վերցրել են Փայտյանի կնոջ անունով ձեւակերպված գրավադրված գույքը: Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Փայտյանն արտագաղթել է եւ գտնվում է գունավոր հեղափոխությունների մայրաքաղաքում՝ Կիեւում:
