«Գուցե պատերա՞զմ է սպասվում, և այս օրինագիծը շտապ բերվում է». Խաչատուր Քոքոբելյան
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, դիմելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե որքանո՞վ է արդարացի այն մոտեցումը, որ ինքն ու նախարարը վճարելու են այնքան, որքան իրենց օգնականները կամ 70.000 դրամ աշխատավարձ ստացողը: Պատգամավորը նշեց, որ թեև այդ կարծիքը չի կիսում, բայց հասարակության մեջ մտահոգություններ կան, կարծիք կա, որ այս նախագծի ընդունման հապճեպությունը նշանակում է, որ պատերազմ է սպասվում և իշխանությունն այլ ռեսուրսներ չունի: «Որպես պաշտպանության նախարար այն կարծիքին եմ, որ այս երկրում 2 պաշտոնյա կա, որոնք ամեն օր պետք է մտածեն պատերազմի մասին՝ հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը: Այս քաղաքականությունը չենք բերում, որ մտածենք, թե վաղը պատերազմ է սկսելու: Ընդունում ենք այս օրենքի նախագիծը, որովհետև յուրաքանչյուր օր մեր զավակները, կրտսեր եղբայրները մարտական ծառայություն են իրականացնում, և հակառակորդը խախտելով հրադադարի պայմանները, պարբերաբար իրավիճակ է ստեղծում, երբ ունենք վիրավորներ ու զոհվածներ»: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքն ու օգնականը միևնույն չափով են գումար փոխանցելու, նախարարը նշեց, որ սոցիալական անարդարության խնդիր չկա. «Դրանից շատ ավելի մեծ հարկեր եմ վճարում ամբողջ զամբյուղով, իսկ սա մեկ պարտադիր վճար է, այնպես որ սոցիալական անարդարության խնդիր չկա, հատկապես որ ես ու իմ շատ գործընկերներ պլանավորում ենք շատ ավելին վճարել»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե ինչո՞ւ պետությունն իր պարտավորությունը բյուջեով չի անում, որ դնում է քաղաքացիների վրա: Նախարարն արձագանքեց, որ բյուջեն նույնպես քաղաքացու հաշվին է գոյանում, պարզապես այս նախագիծը փոքր-ինչ այլ է, քան բյուջեի տրամաբանությունը, ու շեշտադրվում է կարևոր խնդիր: Նրա խոսքով` սպառազինությունների զարգացման ծրագիր կա, որը հսկայական ֆինանսական ծախսեր է ենթադրում: Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց` գուցե պատերա՞զմ է սպասվում, և այս օրինագիծը շտապ բերվում է` հենց պատերազմի կանխավարկածից ելնելո՞վ: Նախարարը պատասխանեց, որ օրինագիծը պատերազմի հետ կապ չունի, այլ` ռեալ իրականության հետ, երբ հակառակորդն ամեն օր սահմանին ստեղծում է իրավիճակներ, որոնց ժամանակ արձանագրվում են զոհեր ու վիրավորներ:
