Ինչ եղավ Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության հարցը
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը իշխող կուսակցության գործադիր մարմնի՝ նոյեմբերի 14–ի նիստին չի քննարկվել։ Նիստից հետո լրագրողներին ասել է Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նիստին քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարը: «Դանդաղ շտապեք, կապրեք կտեսնեք», -այսպես պատասխանեց Շարմազանովը այն հարցադրմանը, թե արդյոք վարչապետը կանդամակցի ՀՀԿ-ին: «Երկու ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում, մեկ ղեկավար է եղել, ով կուսակցության նախագահն է։ Մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Ես չեմ կարծում, որ համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը, դա մեր կուսակիցների ցանկությունն է»,– ասել է նա։
