Ապօրինի իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե լցնել. Փոստանջյանը՝ հազար դրամ գանձելու մասին
ՀՀ Ազգային Ժողովի այսօրվա նիստի սկզբում ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի հաջորդ տարվանից աշխատող ՀՀ քաղաքացիներից պարտադիր գանձվելու է հազար դրամ, որն ուղղվելու է զոհված զինվորների ընտանիքի անդամներին եւ վիրավոր զինծառայողներին աջակցելու համար: <Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով մեր քաղաքացիները պետք է նորից հարկեր վճարեն, հարկային բեռը ավելացվելու է: Նախատեսված է յուրաքանչյուր աշխատող անձից գանձել հազար դամ, եւ իբրեւ թե այս գումարը պետք է ծառայի մեր զինվորների բուժման , կամ զինված ուժերում տեղի ունեցող դեքերի ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Հասկանալի է, որ այս հարկային բեռը ավելացվում է նախընտրական շրջանում, եւ գործող ապօրինի իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե լցնել , եւ նա փորձելու այս ապօրինի կերպով լցնել բյուջեն>,- ասաց Փոստանջյանը, ավելացնելով, որ հանրությունը չի ողջունում եւ դատապարտում է սույն նախագիծը: Զարուհի Փոստանջյանը նշեց , որ այս նախագիծը չպետք է արժանանա ԱԺ հավանությանը: <Կոչ եմ անում դեմ քվեարկել գոնե այս պահին համերաշխություն ունենաք մեր հանրության ետ, հերիք է զբաղվեք մուրացկանությամբ, այն էլ հազար դրամ մուրաք մեր ժողովրդից>,- նշեց պատգամավորը, ում խոսքն ավարտել թույլ չտվեցին: Փոստանջյանի խոսափողն անջատվեց: Արձագանքելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե սա այն ամենակարեւոր նախագիծն է, որով ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր համերաշխությունը բանակի նկատմամբ:
