Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Երեւան. hraparak.am
«Հրապարակի» եկեղեցական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ գիշերը Ստամբուլ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Կ. Պոլսի Հայոց պատրիարքական Փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հիշեցնենք, որ այս տարի այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ափսոսական նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առաջ բերելով Հայաստանում եւ Սփյուռքում հասարակության բուռն դժգոհությունը: Բանը հասավ այնտեղ, որ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ իշխանությունների` Մայր Աթոռին իջեցված հրահանգով, վերջինս չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստերին, որոնք գումարվեցին Մայր Աթոռում (ի պաշտոնե նա համարվում է ԳՀԽ փոխնախագահներից մեկը), եւ չժամանեց Հայաստան այդ օրերին, եւ միայն այն բանից հետո, երբ Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստը անցկացվեց Նյու Յորքում շաբաթներ առաջ, վերջինս մասնակցեց արդեն ԱՄՆ մեկնելով: Գործող կարգի համաձայն` Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը բնակվելու է Մայր Աթոռում` Հյուրատուն-Վանատանը, որը գտնվում է Մայր Աթոռի Տպարանի (սեւ) շենքի հարեւանությամբ: Չի բառավում, որ Երեւանում կսկսվեն բողոքի ակցիաներ ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
