Ես պարտականություն ունեմ իմ համայնքի շահերը պաշտպանելու. Արամ Աթեշյանը պատրիարքարանի ընտրությունների և Էրդողանին ուղղված նամակի մասին
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Tert.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ դեռևս նոր պատրիարքի ընտրությունների ցանկության մասին կառավարությանն ուղղված նամակը գրված չէ, բայց քննարկվում են ընտրությունները և նրա թեկնածուներին: «Դեռ նամակը պետք է գրենք, կառավարության պատասխանին սպասենք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իրենք նախկինում երկու անգամ գրել են, հիմա երրորդն են պատրաստում: Դիտարկմանը, թե կա վարկած, որ թուրքական իշխանություններից ազդակ են ստացել, որ այս անգամ նոր պատրիարքի ընտրությունների դիմումը չի մերժվի, սրբազանը պատասխանեց․ «Կրոնական ժողովի մեջ որոշվեց, որ մեկ անգամ ևս դիմումով դիմենք, պատրիարքին հանգստյան կոչենք և դիմում ուղարկենք: Մենք էլ, որպես ժողովականներ, ասացինք՝ լավ: Հիմա էլ նամակը պատրաստման ընթացքի մեջ է, պիտի պատկան իշխանություններին հանձնենք: Դրանից հետո մեզ կմնա սպասել նրանց պատասխանին»: Պոլսո պատրիարքի փոխանորդի խոսքով՝ միայն պատրիարքի ընտրությունները չէ, որ այսքան տարի տեղի չեն ունեցել. «Քանի տարի է՝ շատ այլ հաստատություններում էլ ընտրություններ չեն եղել: Ամեն ինչը պետությունից է կախված, մենք ոչ մի մեկնաբանություն չենք կարող անել, ինչ ասենք, սխալ կլինի»: Դիտարկմանը, որ շատերն են նշում, որ Պոլսում պատրիարքի ընտրություններին երկրի ղեկավարությունը կմիջամտի, ամեն ինչ կանի, որ իր ցանկալի թեկնածուն ընտրվի, Պոլսո պատրիարքի փոխանորդը պատասխանեց. «Ես նման բան չեմ կարող ասել, բայց պետությունն է ընտրության արդյունքները վավերացնում, ինչպես օրինակ՝ Երուսաղեմի դեպքում Հորդանանը կվավերացնի, Պաղեստինը կվավերացնի, Իսրայելը կվավերացնի: Այստեղ էլ այս պետությունը կվավերացնի»: Հարցին՝ մտավախություն կա՞, որ չի վավերացնի, եթե իր ցանկալի թեկնածուն չլինի,Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատասխանեց․ «Ես պետության կողմից ոչինչ չեմ կարող ասել: Ասում եմ, որ իրենք վավերացնում են, ինչպես Երուսաղեմի պարագայում»: Հարցին՝ եթե կառավարությունն ընդունի իրենց դիմումն ու դրական պատասխան տա, իր կարծիքով՝ ինքը կընտրվի՞, Պոլսո պատրիարքի փոխանորդը պատասխանեց․ «Աստված գիտի, թե ով կընտրվի: Ոչ ոք չի կարող ասել, թե ես կընտրվեմ»: Նա նաև հավելեց, որ համայնքում ապրող յուրաքանչյուրի համար իրեն ցանկալի թեկնածու կա. «Չենք կարող ասել, թե որ թեկնածուի դեպքում որքան է պաշտպանողների կամ կողմնակիցների թիվը․ ամեն թեկնածու իր կողմնակիցներն ունի, մինչև սնդուկի միջից քվեները դուրս չգան, չենք հասկանա, թե ով է ընտրվելու»: Դիտարկմանը, թե շատերի կարծիքով ինքը Թուրքիայի իշխանությունների ցանկալի թեկնածուն է, սրբազանը պատասխանեց․ «Ո՞վ ասաց, ինչի՞ հիման վրա է: Ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ, ամեն մարդ մի բան է մտածում: Իմացած-չիմացածի վերաբերյալ մեկնաբանություններ են անում, որոնցից 90 տոկոսը սխալ է: Դեռ դիմում չենք հանձնել, արդեն ընտրություններից են խոսում. ո՞վ ասաց, որ լինելու են ընտրություններ, մենք տակավին դիմում չենք ներկայացրել, դեռ կառավարության պատասխանին պետք է սպասենք»: Մյուս դիտարկմանը, թե իր՝ իշխանություններին մոտ լինելու կասկածները հիմնվում են հատկապես այս տարվա հունիսին՝ Էրդողանին ուղղված ներողության նամակի վրա, նա պատասխանեց․«Ես նամակը գրում եմ, ինձնից առաջվա պատրիարքներն էլ են գրել: Դա մեր պարտականությունն է: Այդ աթոռի նստողի պարտականությունն է. Մեսրոպ պատրիարքն էլ գրեց՝ Ֆրանսիա գրեց, Ամերիկա՝ Բուշին գրեց: Մինչև Շնորհք պատրիարք գնացեք, բոլորն էլ գրել են: Դա իմ ծառայողական պարտականությունն է: Նամակի բովանդակությունը կհավանեն, թե չեն հավանի, այլ հարց է, բայց ես պարտականություն ունեմ իմ համայնքի շահերը պաշտպանելու: Ով որ այս աթոռին նստի, պարտավոր է համայնքի շահերը պաշտպանել»: Սրբազանն ընդգծեց, որ եթե երկրի դեմ խոսես, երկիրը քո պահանջները չի հասկանա․ «Դա ոչ մի երկրի մեջ չի կարող լինել: Հայաստանի մեջ եք ապրում, եթե Հայաստանի դեմ խոսեք, հետո եթե ինչ-որ բան խնդրեք, նա կընդառաջի՞, չի՛ տա»:
