ՀՀԿ-ական պատգամավորներին կզրկե՞ն նիստերից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեված էր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու էր «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը: Օրակարգի միակ հարցը վերաբերում էր ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին: Այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Սուքիաս Ավետիսյանն են: Նշենք, որ վերջինս հենց հանձնաժողովի նախագահն է: Նրա փոխարեն նիստը նախագահեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նիստը դռնփակ էր, ավարտից հետո Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումն ընդունվել է վարույթ: Հարցի զեկուցող է նշանակվել Թեւան Պողոսյանը: Մեկամսյա ժամկետում եզրակացությունը պարտարստ կլինի: Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում` ի պատասխան հարցի ` ի՞նչ պատիժ կսահմանեն, նշեց, որ առավելագույն պատիժը վեց օր խորհրդարանական աշխատանքից զրկելն է: Փայլակ Ֆահրադյան
