Ապրիր Հալեպ. «Գանձասար»-ի անդրադարձը. տեսանյութեր
Հալեպի «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան- Բողիկյանն իր վերջին խմբագրականում անդրադարձել է վերջերս հալեպահայ երիտասարդների շրջանում տարածում գտած «Ապրիր Հալեպ» ֆլեշմոբին:
Ըստ Չիլափոշյանի՝ Հալեպում ապրող հայ երիտասարդները սկսել են լսելի դարձնել իրենց ձայնը՝ ոչ թե սոսկ ուշադրության արժանանալու համար, այլ շեշտելու, որ հալեպահայությունն ապրում է և ունի այնպիսի խոստումնալից երիտասարդ տարրեր, որոնք առանց հուսահատվելու շարունակում են ծրագրեր մշակել, ավելի արդյունավետ դարձնել իրենց ուսումնասկան և աշխատանքային կյանքը:
«Գանձասար»-ի նոր խմբագրականը ներկայացնում ենք ստորև:
«Պատերազմի պայմաններում հայության էական տոկոսն արտագաղթեց Սիրիայից, սակայն բարեբախտաբար դրանց զգալի հատվածը հաստատվեց Հայաստանում: Ու թեև դա չիրականացավ հայրենադարձության մշակված ծրագրի որդեգրմամբ, սակայն պատերազմի դժվարին իրավիճակում մխիթարության մի ազդակ դարձավ:
Հայաստանում հաստատված սիրիահայերն էլ ամեն տեսակի ջանք գործադրում են, որպեսզի ինտեգրվեն հայաստանյան հասարակությանը:
Մյուս կողմից՝ Սիրիայում շարունակում է ապրել սիրիահայ համայնքի զգալի հատվածը:
Հալեպում նույնպես, հակառակ տիրող ծանր իրավիճակին, հակառակ շարունակվող ռմբակոծություններին ու զինյալ ահաբեկչական խմբավորումների բարբարոսություններին՝ հայ համայնքը, բազմաթիվ կորուստներ տալով հանդերձ, շարունակում է գոյատևել:
Վերջերս սոց.ցանցերի և ԶԼՄ-ների միջոցով Հալեպում ապրող հայ երիտասարդները սկսել են լսելի դարձնել իրենց ձայնը՝ ոչ թե սոսկ ուշադրության արժանանալու համար, այլ շեշտելու, որ հալեպահայությունն ապրում է և ունի այնպիսի խոստումնալից երիտասարդներ, ովքեր առանց հուսահատվելու շարունակում են ծրագրեր մշակել, ավելի արդյունավետ դարձնել իրենց ուսումնասկան և աշխատանքային կյանքը, շարունակում են լավատեսությամբ նայել կյանքին ու հույս ներշնչել իրենց շրջապատին:
Ողջունելի են հատկապես այն երիտասարդների քայլերը, որոնք չնայած բազմաթիվ դժվարություններին՝ վճռել են ոչ միայն շարունակել ապրել իրենց սովորական կյանքով, այլև ուշադրություն հրավիրել իրենց շրջապատող դրական երևույթների վրա, շարունակել մնալ աշխատունակ, ստեղծագործ, և իրենց անձնական աշխատանքի կողքին ծառայել նաև համայնքին, ինչպես նաև սոց.ցաների կամ մամուլի միջոցով ցույց տալ աշխարհին, որ Հալեպի սիրտը շարունակում է բաբախել հայությամբ: Երևույթ, որն ինքնին արժանի է ոչ միայն բարձր գնահատականի, այլև ուշադրության:
Մեր հավաքական կյանքի մարտահրավերների հաղթահարման ու երիտասարդներին աջակցելու համար անհրաժեշտ է օգտագործել համայնքի ամբողջական կարողությունները: Որովհետև այսօր, ինչպես երբևէ, կարիք ունենք նպատակասլաց հայ երիտասարդների, որոնք պետք է կարողանան սանձել մեր ներքին ուժին սպառնացող բոլոր փոթորիկները և աննահանջ պահել մեր երթը»:
