Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում. սոցիոլոգ
Ահարոն Ադիբեկյանը հետազոտությունների միջոցով պարզել է, որ Հայաստանում ամեն 10-րդ ընտանիք սոված է քնում: Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգը տեղեկացրեց, որ գոյություն ունի բացարձակ և հարաբերական աղքատություն, որը կախված է նրանից, թե տվյալ երկրի կենսամակարդակն ապահովելու համար ինչ գումար է անհրաժեշտ։ Ըստ նրա` վերջին տվյալներով` Հայաստանի բնակչության 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև։ 25 տոկոսի եկամուտների աղբյուրները պետական նպաստներն են։ Նախորդ տարի ամեն 6-րդ ընտանիքն ապրում էր դրսից եկած գումարներով, այս տարի` ամեն 7-րդը, բայց իր` աղքատ լինելն ընդունում է ընդամենը 19 տոկոսը։ «Կեսը մի բան մի կերպ ծամում է քնելուց առաջ: 30%- ը բավարարում է հիմնական պահանջները, 20 %-ն ունի եկամուտներ, իրեն ոչ մի բանում չի սահմանափակում, սա մեր ընտանեկան կարողությունների կառուցվածքն է այսօրվա Հայաստանում»,- ասաց նա: Ըստ բանախոսի՝ մեր երիտասարդների 70 տոկոսը իր ապագան տեսնում է դրսում: Նա համոզված է, որ աղքատության դեմ պայքարելու համար պետք է նոր աշխատատեղեր բացել։
