Կարեւոր է, թե ով կլինի Թրամփի օգնականը. քաղաքագետ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար,քաղաքագետ Արա Պապյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«ԱՄՆ ընտրություններից հետո նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ղեկավարմամբ աշխարհը փոխվելու է: Դեպի լավը, թե վատը, պետք է սպասել: Բայց ես լիահույս եմ, որ Հայաստանի առումով դեպի լավը: Թամփը մի քիչ անկանխատեսելի է, դրա մեջ հնարավոր է նաեւ հետաքրքիր զարգացումներ մեզ համար»: «Այս պահին հրատապ եւ կարեւոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչումը, այս պահին ավելի կարեւոր է ճանաչումից անցնել փոխհատուցումների:Չեմ կարծում, որ ԼՂՀ-ի հարցում հայ-ամերիկյան հարաբերությունները փոփոխության կենթարկվեն, քանի որ որոշակի կայուն գիծը պահպանվելու է: ԱՄՆ-ն եռանախագահներից մեկն է լինելու եւ փորձեր կանի նախաձեռնություններով հանդես գալ: Չնայած Թրամփն ինքն է խոստովանել, որ տեղյակ չէ Արցախի, Ղարաբաղյան հակամարտության հարցերից: Այս պահին ավելի կարեւոր է, թե ով կլինի Թրամփի օգնականը եւ կսովորեցնի ինչպես աշխատել»,-հավելեց բանախոսը: Բակո Սահակյանի շնորհավորանքն էլ, ըստ Արա Պապյանի, որեւէ դեր չի խաղա, դա կդիտվի որպես մասնավոր շնորհավորանք, այլ ոչ թե պետական:
