Լյովա Խաչատրյան. Իշխանությունը պետք է խնդրի, որ Ծառուկյանը վերադառնա
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ կուսակցության համագումարի անցկացման ժամկետը պայմանավորված է նաև Գագիկ Ծառուկյանի որոշման հետ՝ վերադառնալո՞ւ է նա ակտիվ քաղաքականություն, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատասխանելով քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե իրեն շատ խնդրեն, կբացի փակած գիրքը:
Թերթի այն հարցին, թե ո՞վ պետք է Ծառուկյանին խնդրի, Լ. Խաչատրյանը պատասխանել է. «Միանշանակ ժողովուրդը չէ, իշխանական համակարգը: Ժողովուրդը երբեք չի կարող խնդրել, ժողովուրդը որոշում է, պահանջում, պարտադրում է: Նա նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք երկիրը բերեցին այս օրին, ինչը կարող է համաժողովրդական դժգոհության ալիք բարձրացնել»:
Դիտարկմանը, եթե իշխանությունները չխնդրե՞ն Ծառուկյանին, վերջինս արձագանքել է. «Չխնդրեն, կարող է մնան ալիքի տակ: Բոլորը պարտավոր են ժողովրդի պահանջին անսալ ու ենթարկվել, այդ թվում նաև՝ Գագիկ Ծառուկյանը», - պատասխանել է Լյովա Խաչատրյանը:
