«Չկտրված ձմերուկը». Թրամփը «чужой» է՞ր
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, խոսելով երեկ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից, նշեց, որ իր և շատերի համար Դոնալդ Թրամփը «չկտրված ձմերուկ» է: «Կարծում եմ՝ Թրամփը ստիպված այնուամենայնիվ վերանայելու է շատ բաներ, որովհետև բաներ կան՝ հայտարարել է ընտրությունների ընթացքում, և որպես ուղղություններ դրանք մեկ մեքենա չեն դառնում, մեկը մյուսին խանգարում են»,- ասաց նա: Ըստ նրա՝ Թրամփն ամբողջ ամերիկյան իսթաբլիշմենթում յուրային չի երևում։ «Անգամ հանրապետականների ներսում Թրամփը «чужой» էր։ Թվում էր, թե համակարգը նրան չի ընդունի։ Սակայն երկրորդ դեբատի ժամանակ Թրամփը բավականին լավ պատրաստված էր, երրորդ դեբատում արդեն հավասարությունը ստեղծված էր, բայց վերին աստիճանի առանցքային էին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Քլինթոնի մեյլերի հետ կապված պատմությունը վերաբռնկվեց։ Այլ բան է, երբ քաղաքական հակառակորդն է դա շահարկում, հասարակությունը դա այլ կերպ է ընկալում, բայց երբ դրան Հատուկ ծառայությունները և պետական մարմիններն են խառնվում և ասում են, որ հետաքննություն են սկսել, դա այլ բան է»,- շեշտեց քաղաքագետը։ Ըստ նրա՝ այս ընտրությամբ՝ ամերիկյան հասարկությունն ապացուցեց, որ աշխարհի ամենաանկախ և ամենաազատ հասարակությունն է, որը կարող է ուղղակի այսքան միջամտություններից հետո ցույց տալ, որ որևէ արտաքին միջամտություն չի կարող թելադրող լինել իր ընտրության մեջ։
