Քոչարյանի համար էական չէ, որ Թրամփը ԼՂՀ հիմնախնդրից տեղյակ չէ
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ լուրջ մտահոգվելու կարիք չկա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն չունի՞, որ Թրամփի ընտրվելով՝ մեր տարածաշրջանն ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում չի լինի այնպես, ինչպես հիմա է: «Աշխարհի տարբեր ծայրերում իրարից այնքան տարբեր գնահատականներ կան, այդ թվում՝ նաև Հայաստանում: Համենայնդեպս, մենք գործ ունենք կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր նախապես ունեցած մոտեցումներով ու ծրագրերով»,-ասաց Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա պետք է սպասել և տեսնել, թե այդ կայուն համակարգով հանդերձ ինչ քաղաքականություն կորդեգրի Սպիտակ տունը. «Ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա»: Հարցին, թե տարիներ առաջ լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող հարցին ի պատասխան Թրամփն ասել էր, որ ինքը տեղյակ չէ այդ խնդրի մասին, արդյոք սա մտահոգի¬՞չ չէ հայկական կողմի համար, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԱՄՆ կայուն համակարգ ունեցող երկիր է իր ինստիտուցիոնալ հիշողությամբ, փորձագետներով, կառույցներով։ «Այնպես որ դա խնդիր է, պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձությունների մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում, այլ բան է՝ ընտրվելուց հետո: Դրա համար համապատասխան կառույցներ կան»,-նշեց նա: Փայլակ Ֆահրադյան
