Ծառուկյանը կկարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ. Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բացի իշխող Հանրապետականից, մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը չի բացառում: «Այս պահին անուն չեմ տա, բայց կասեմ հետևյալը. մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ խոսելու:Եթե մենք ընտրություններին գնանք առանձին, ապա ցուցակը գլխավորելու եմ ես: Եթե գնանք դաշինքով, ես անձամբ եւ կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր անձնական հավակնությունները մի կողմ դնել եւ շարժվել ըստ իրավիճակի:Դաշինքով ընտրությունների գնալը ցանկալի կլինի»,- ասաց Վարդան Օսկանյանը: Օսկանյանը պատրաստ է համագործակցելու նաեւ նախկին թիմի հետ, եթե անգամ ԲՀԿ-ն կրկին ղեկավարի կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք ճանապարհ ենք անցել, համոզված եմ՝ թե՛ ես, թե՛ մեր գործընկերները չենք փոշմանել: Մենք խնդիր էինք դրել խաղաղ ճանապարհով, օրինակական միջոցներով երկրում իրավիճակ փոխել: Հիմա լսում եմ բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:Վերադարձից հետո էլ Գագիկ Ծառուկյանը կկարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ»,- հայտարարեց Օսկանյանը:
