Ինչպիսի փոփոխություններ են սպասվում Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում
Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելով Հայաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում էական փոփոխություններ չեն սպասվում: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նրա դիտարկմամբ` Միացյալ Նահանգների զարգացումը պայմանավորված չէ նախագահի ընտրությամբ: «Կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը կշարունակվի էլ ավելի լավ հունով, որը կապ չունի նախագահի ընտրության հետ՝ փոփոխություններն անձերով պայմանավորված չեն, այլ՝ ԱՄՆ շահերով:Ակնհայտ է, որ ԱՄՆ շահերը, թե արտաքին քաղաքականության, թե ներքին մարտահրավերների առումով փոփոխության գրեթե չեն ենթարկվում: Շատ պարզ է, որ այդ ինստիտուտները, որոնք զբաղվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության զարգացմամբ եւ ներքին քաղաքականության մարտահրավերներով, կուսակցականացված ինստիտուտներ չեն»,-ասաց նա: Ինչպես փաստեց՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ քաղաքացիների համար կայուն և կանխատեսելի քաղաքական դաշտն այլևս ցանկալի չէ և, որ ԱՄՆ-ում հաղթեց դեմոկրատիան:
