Սերժ Սարգսյանն ասել էր, բայց լավ չի լուսաբանվել
Բավական դժվարին և հետաքրքիր շրջան է սկսվել բոլորիս և ոչ միայն կառավարության համար, որովհետև միայն կառավարությամբ չի կարելի պայմանավորել դրական առաջընթաց, բայց կարելի է դրական ազդակներ ստանալ կառավարության կողմից` այդ առաջընթացը ապահովելու համար: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Հետաքրքիր ներդաշնակություն կա ծրագրի և բյուջեի միջև, ինչը պարտադիր չէր նախկինում: Օրինակ` եթե կառավարությունն ասում է` պետք է խնայողություններ անել, այս պարագայում հստակ բյուջեում կա դա, պարգևատրումների կտրուկ նվազում աշխատավարձի ֆոնդի վերանայում, պետական ծախսի օպտիմալացում, սրանց արդեն արտացոլում են գտել բյուջեում»,-ասաց տնտեսագետը: Ըստ նրա `եթե չլինի հետևողականություն, բարեփոխումների, քայլերի և ամենօրյա ու տնքաջան, թիմային աշխատանք, ապա հաջողություններ չեն արձանագրվի: Ասուլիսին ներկա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ նշեց, թե այն ծրագիրը, որ ներկայացվեց կառավարության կողմից, բխում է ՀՀԿ-ի ծրագրային հիմնադրույթներից, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային հիմնադրույթներից: «Այս ծրագրում անարդյունավետ դաշտերի կրճատման ու ներդրումային դաշտի աճի նպատակով ավելի հստակ է դրվում, ծախսերի կրճատումն ավելի կոշտ է իրականացվում»,-նկատեց նա: Որպես ծրագիր պատգամավորն այն բնութագրում է հետևյալ կերպ. «Առաջնահերթությունը տրված է տնտեսական օբյեկտիվ օրենքներին, և սա կարող է հստակ բարձրացնել տնտեսության ակտիվությունն, ու մենք առաջիկայում կարող ենք ակնկալել լուրջ տեղաշարժ, առաջընթաց տնտեսական ակտիվության առումով»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարակներին` կարմիր գծերի ու արագաչափերի հետ կապված, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե նման խոսակցություններ վաղուց բարձրացվում էին, հարցը, խնդիրը գոյություն ուներ, որոշ քայլեր արվել էին խնդիրը լուծելու, որոնց մասին բավական լուսաբանում չէր եղել: «Այս հանձնարարականները, որոնց ուղղությամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց է իրականացվել, առաջիկայում կտանեն լուրջ փոփոխությունների: Ամբողջ վերահսկողությունը պետությանն ու համայնքային իշխանություններին անցումը դրական առաջընթաց կտա, ու կարծում եմ` հետագա քայլերում որոշակի սակագների նվազեցում կտեսնենք այս ուղղությամբ ևս»,-եզրափակեց պատգամավորը: Փայլակ Ֆահրադյան
