ՀՀԿ-ն սկսել է փողերը հավաքել
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրեր առաջ հայտարարել էին, որ ԼՂՀ իրենց այցի ընթացքում հարց էր բարձրացվել Թալիշի վերաբնակեցման մասին: Նրանք նաև հայտնել էին, որ ֆոնդ է ստեղծվելու` ուղղված Թալիշի մանկամարտեզի ու դպրոցի վերականգմանը: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանը նշեց, թե ֆոնդն արդեն գործում է, և բավականին լուրջ գումարներ արդեն հավաքագրվել են` նախարարների, պատգամավորների, լրագրողների կողմից: Մելիքյանը նաև հիշեցրեց, որ երեկ Սերժ Սարգսյանը խոսել էր մարտական դիրքերում զոհված կամ մարտական դիրքերում ծառայած զինվորների ընտանիքներին ուղղված աջակցության տրամադրման մասին: Այս ուղղությամբ ևս Պաշտպանության նախարարության կողմից հիմնադրամ է ձևավորվելու: Լրագրողների հարցին, թե հասարակությունը վստահություն չունի իշխանության նկատմամբ, ինչպե՞ս կարող է հիմա վստահել, որ այս հիմնադրամի բյուջեն նպատակին կծառայի, Մելիքյանն արձագանքեց. «Այդ հիմնադրամի աջակցությունը բոլոր աշխատողների կողմից ամսական 1000 դրամ է փոխանցվելու աշխատավարձից կամավորության սկզբունքով, և դա տեսանելի է լինելու բոլորին: Վստահությունն ու հավատը հենց կատաված գործողություններից էլ բխելու է: Հենց որ դուք տեսնեք ձեր հարևանների, ձեր բարեկամների մոտ, բոլորս ունենք պատերազմում զոհվածներ, վիրավորներ, ընկերներ, ովքեր ծառայում են, ու ցանկացած պահի, հնարավոր է, որ այդ իրավիճակում հայտնվենք մենք: Մեր սահմանամերձ ուղջ ժողովուրդը, Արցախի ողջ ժողովուրդը…իսկ դա ամբողջ հայ ազգն է, մենք չենք կարող իրար չվստահել, մենք դատապարտված ենք իրար վստահել, համախմբվել, միայն այդպես կարող ենք մեր թշնամուն հաղթահարել»: Փայլակ Ֆահրադյան
