Մի սեւացրեք մեր Ամանորը. Սարի թաղի բնակիչը՝ Սերժ Սարգսյանին
Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով թաղամասի իննը բնակիչ առ այսօր կալանավորված է: Հիշեցնենք, որ երբ Ոստիկանության Պարեկապահակետային գունդը այդ օրերին գրավել էին <Սասնա Ծռեր> խմբավորման անդամները: Սարի թաղն այդ օրերին զրկված էր էլեկտրա- գազամատակարարումից, հասարակական տրանսպորտից: Թաղամասի բնակիչները տեղում հսկողություն իրականացնող ոստիկաններից փորձել են պատճառները իմանալ, խոսակցությունը չի ստացվել, ինչի արդյունքում կողմերի միջեւ բախումներ են սկսվել: Մեզ հետ զրույցում Սարի թաղի բնակիչ Նարինե Ղազարյանը, ում ամուսնուն եւս կալանավորել են պատմեց, որ մեղադրանքը, որն առաջադրել են ամուսնուն անհիմն է: <Դեպքը տեղի է ունեցել հուլիսի տասնինին, քանի որ Սարի թաղում չկար գազ, լույս, տրանսպորտ ամբողջությամբ փակ էր, տղաները որոշեցին իջնել ոստիկաններին հարցնել, թե ինչի համար չկա գազ լույս, տրանսպորտ: Մեր տղաները նախքան մոտենալը քաղաքացիական հագուստով անձինք նստում են մեքենաները եւ մոտենում: Երբ տղաները հարցնում են թե ինչի չկա, ոստիկաններն արդեն պատրաստ ավտոմատները հանած մոտենում են>,- պատմեց Նարինե Ղազարյանը: Սկզվում խոսակցությունը նորմալ է ընթանում, հետո ոստիկանները ըստ Նարինե սկսում են հրահրել իրավիճակը: Ըստ Սարի թաղի բնակչի նախաքննական մարմինը սակայն գործին կցել է մոնտաժված տեսանյութը, որում բացակայում են այն կադրերը, թե ինչպես են ոստիկանները սրում իրավիճակը: Նարինեն հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի գործին կցվի ամբողջական տեսանյութը: <Մեր տղաները պատրաստված չեն գնացել, որ կռիվ անեն, պարզապես հարցրել են թե ինչի չկա լույս, գազ, ամենակարեւորը չունենք տրանսպորտ: Այդ ժամանակ ոստիկաններից Գագիկ Զոհրաբյանը, ով Սարի թաղի բնակիչ է, մոտեցել եւ սկսել է վիճաբանել: Կադրերում էլ կա, մյուս ոստիկանները փորձում են իրան հանգստացնել>,- պատմեց Նարինե Ղազարյանը: Արդարության հասնելու ակնկալիքով Սարի թաղի բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց, նրանք նաեւ դիմում- նամակներ են հասցեագրել ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ Սերժ Սարգսյանին: <Երեխաները ամեն առավոտ լացելով իրենց հայրիկներին են ուզում, ինչ կարելի է պատասխանել: Մենք ավելի շատ հոգեպես ենք ճնշված, քան ֆինանսապես: Մեր տղաները, որ չկան մենք էլ չկանք, Ամանոր է գալիս, ոնց կարելի մեր Նոր Տարին սեւացնել>,- ասաց Նարինե Ղազարյանը: Նշենք, որ Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասություն դատարանում երեկ կայացավ Սարի թաղի չորս ամբաստանյալների գործով դատավարությունը: Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են այս տարվա հունիսի 19-ին Խորենացի փողոցում յոթ ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ: Գործով ամբաստանյալների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով): Փայլակ Ֆահրադյան
