Տնտեսագետը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին. «Գռեհիկ սոցիալիզմի դրսեւորում է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով ՊԵԿ ղեկավարի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին, ասաց. «Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո ես համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել մեր կառավարման համակարգում, ու ամեն ինչ կապված է անձերի հետ: Միտումը, որ կար և էլի շարունակվելու է՝ մեզ փորձում են նոր կառավարությունով, նոր ծրագրերով ներկայացնել փրկիչների, որոնք կգան՝ մեզ կփրկեն: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի փրկիչ էլ մեզ համար ըստ էության ոչինչ չի անում, ամեն մեկն իր անձի համար է անում: Ցավոք, գործող կառավարությունը որպես ինստիտուտների գործունեության մեջ փոփոխություն անող մարմին հանդես չի գալիս, ու իմ անհանգստությունը դրա հետ է կապված: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն էլ երեկ ասաց, որ պետությունը հանդիսանում է ցանկացած բիզնեսի փայատեր, ու այդ բիզնեսի մեջ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Սա գռեհիկ սոցիալիզմի դրսեւորում է»: Նրա դիտարկմամբ՝ գազի սակագնի նվազեցման հետեւանքով «Գազպրոմ Արմենիան» մոտ 15 միլիարդ դրամ կկորցնի. «Պետությունն իրավունք չունի փայ մտնել բիզնեսին»: Կառավարության 2017 թվականի բյուջեն համեմատելով 2016-ի հետ, տնտեսագետն ասաց, որ այն զիջում է այս տարվա բյուջեին՝ բոլոր բաղադրիչներով, առաջին հերթին՝ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսմամբ: «2017թ. բյուջեն իր բոլոր պարամետրերով զիջում է 2016թ. բյուջեին, նաև իր մակրոտնտեսական կանխատեսումների շրջանակով է զիջում: 300 մլրդ-ով պակաս է լինելու ՀՆԱ-ն: Տնտեսական աճն այս տարի ֆիքսելու են 2.4%-ի վրա, երբ բոլոր կանխատեսումներով մինչև օգոստոս ամիսը նախատեսվում էր 3.2-3.6% տնտեսական աճ: Այսինքն՝ հստակ երևում է, որ նահանջ կա, բայց սրա մասին քիչ են խոսում, որովհետև հաճելի չէ»: Նրա խոսքով՝ տնտեսական ծրագրերում պետք է հաշվի առնել ժողովրդագրական տվյալները:
