Հայաստանում կանայք տղամարդկանցից 7 տարով ավելի են ապրում
Հայաստանում անցած տարվա համեմատությամբ, 0-4 տարեկանների մահվան դեպքերը 35-ով նվազել են՝ հասնելով 298-ի: Հիմնական մահվան պատճառ հանդիսացող հիվանդություններից ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից` 9 հազար 788 մահվան դեպք, որոնցում նվազման միտում կա: «Հայաստանում բնակչության թվաքանակը 2016 թվականի ինը ամիսների ընթացքում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է մոտ տասը հազարով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը: Դիտարկելով քաղաքային եւ գյուղական բաշխումները, տիկին Կույումջյանն ասաց, որ մեր բնակչության 1 միլիոն 9 հարյուր 4 հազար 600-ը քաղաքաբնակներ են, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ եւս նվազել է 6 հազար 3 հարյուրով. «Իսկ գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 1 միլիոն 89 հազար 300, որ նույնպես 2015 թվականի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 3800-ով»: Կարինե Կոյումջյանը հավելեց, որ մեր երկրում կենսունակության մակարդակը 146,4 տոկոս է, ինչը նշանակում է, որ ծնելիության թիվը 40 տոկոսից ավելի ցուցանիշով գերազանցում է մահացության ցուցանիշին: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են արյան շրջանառության հիվանդություններից՝ 47 տոկոս, ինչը, ըստ տիկին Կոյումջյանի, նվազման միտում ունի, քանի որ նախկինում այդ ցուցանիշը եղել է 50 տոկոսից ոչ պակաս: Նորագոյացություններից մահվան դեպքերը կազմել են 19, 8 տոկոս, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 8,2 տոկոս, մարսողական հիվանդություններից՝ 6 տոկոս, եւ վարակիչ հիվանդություններից՝ 0,9 տոկոս: Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշ գրանցվել է Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում, մնացած բոլոր մարզերում, ըստ Կարինե Կույումջյանի, ամուսնության մակարդակի նվազում է նկատվել` ամենացածրը Գեղարքունիքում. «Ամուսնության դեպքերը 9 ամսվա կտրվածքում կազմել են 12 հազար 88 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 7,9 տոկոսով եւ 1000 բնակչի հաշվով ցուցանիշը կազմել է 5,4 պրոմիլ: Ամուսնալուծության դեպքերը մեր երկրում կազմել են 2 հազար 682՝ նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատությամբ դեպքերը նվազել են 4,2 տոկոսով: Ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշ գրանցվել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում»:
