Գյոզալյանը Կարեն Կարապետյանին ճիշտ չի հասկացե՞լ
Արագածոտնի մարզի Աղձք համայնքում երեկ իրավիճակը լարված էր: Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները դասադուլ էին հայտարարել պահանջելով վերադարձնել դպրոցի նախկին տնօրենին՝ Հարություն Սուքիասյանին: Հավաստի տեղեկությունների համաձայն Աղձք համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արագածոտնի Դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի սանիկը: Նոր տնօրենը Աղձք համայնքից չէ, այլ Փարպի գյուղից, որը Գյոզալյանի ծննդավայրն է: Այս փաստը հատկապես առաջացրել է գյուղաբնակների դժգոհությունը: Արագածոտնի մարզի Աղձք համայնքում տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը որեւէ ազդեցութուն չի ունեցել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի տասներեքին կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կրթական գործընթացներում պետք է բացառվեն ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման հետեւանքները: «Օրինակ` մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել նման դեպքեր, բայց պետք է տարբերակել օբյեկտիվն ու սուբյեկտիվը»,- նշել էր վարչապետը: Հիմա տրամաբանական հարց է առաջանում Աղձքում օբյեկտիվ, թե սուբյեկտիվ է Գյոզալյանի միջամտությունը: Չի բացառվում, որ հնամենի կուսակցության ներկայացուցիչը բառի ուղիղ իմաստով է հասկացել կառավարության ղեկավարի հրահանգը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գյոզալյանի ոչ թե դուստրը, այլ սանիկը, իսկ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ դպրոցներում պետք է բացառել մայր ու աղջիկ աշխատելու հանգամանքը: Մյուս կողմից Դաշնակցական մարզպետի գործողությունները վկայում են, որ ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության հուշագիրն այլեւս ամուր չէ, գոնե ներկայիս կառավարության գործունեության շրջանակներում: Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո առավել առարկայական դարձավ այդ ամենը: Կարապետյանը փորձում էր ամեն կերպ չեզոքացնել Դաշնակցականներին, այդ կերպ ցույց տալով, որ բնավ իր սրտով չէ գործադիրի կազմում տեսնել ՀՅԴ նախարարների: Կարապետյանը ՀՅԴ-ին չեզոքացնելու հարցում մասամբ կարողացավ հաջողության հասնել: Հիմա ՀՅԴ-ական անդամները ըստ էության պատասխանում են վարչապետին: Հավելենք, որ նախկին տնօրենը եւս իր պաշտոնավարման ժամկետում հասցրել էր իր ազգականներին տեղավորել դպրոցում: Մասնավորապես Հարություն Սուքիասյանի կինը, որդին եւ հարսը եւս աշխատում էին Աղձքի դպրոցում: Հիմա եթե Դաշնակցական մարզպետը որոշել է փոփոխություններ անել, ապա նույն սխալը կրկնելով դժվար թե հաջողության հասնի: Փ.Ֆահրադյան
