Չմտածեք, մայիսին վերադառնալու եմ. նախագահականում դեմ են եղել Արմեն Ալավերդյանի ազատմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձևավորումից և կադրային փոփոխություններից ամենաշատը տուժել են ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի տեղակալները: Այսպես, Վարդան Հարությունյանին մեծ դժվարությամբ հաջողվեց ազատվել համակարգի հնաբնակներից մեկից՝ Արմեն Ալավերդյանից: Նրա ազատմանը դեմ էին նախագահականում, երկար ժամանակ դիմադրում և պնդում էին, որ նա պրոֆեսիոնալ է, գիտակ, համակարգի հնաբնակներից և տեղեկացվածներից, որից պետք չէ ազատվել, սակայն, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը և Վարդան Հարությունյանը «երկու ոտքը դրել են մի մաշիկ» և պնդել իրենցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Արմեն Ալավերդյանը հեռանալիս իր մտերիմներին ասել է՝ չմտածեք, մայիսին վերադառնալու եմ: Այժմ հարկայինում գցում-բռնում են՝ ի՞նչ նկատի ուներ Ալավերդյանը և ինչպե՞ս է վերադառնալու։ Անգամ կատակում են, թե կարող է Ալավերդյանն էլ Սեյրան Օհանյանի պես դառնա ընդդիմություն և այդպես վերադառնա: Ու եթե ՊԵԿ նախագահի տեղակալներից ընդամենը երկուսն են ազատվել պաշտոնից, ապա ֆինանսների նախարարությունում իսկական «կոտորած» է եղել: Ֆինանսների նախարարի 3 տեղակալ է ազատվել՝ Տիգրան Բարսեղյանը, Արմեն Գևորգյանը, Պավել Սաֆարյանը: Ազատվածներից միայն Պավել Սաֆարյանն է պաշտոն ստացել, նա նշանակվել է էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ազատվել է նաև աշխատակազմի ղեկավարից՝ Աշոտ Արզումանյանից՝ նրա փոխարեն նշանակելով Էդգար Գևորգյանին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
