Պետք չէ փորփրել իմ եւ Հասմիկ Պողոսյանի փոխհարաբերությունները. նախարար
Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ, պետք չէ փորփրել իմ եւ Հասմիկ Պողոսյանի փոխհարաբերությունները: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունում կառավարության փոփոխություններն արվում են նախկին նախարարի կադրերից ազատվելու համար, ասաց. «Ես մեկ անգամ ասել եմ և կրկնում եմ` Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է, և վերջ: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ապա ասեմ, որ բոլոր փոփոխություններն արվում են` կառավարության ծրագրերի իրականացմանը հարմարեցվելու և համապատասխանելու համար: Այս կառավարության ծրագիրը տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից եւ եթե կառուցվածքային փոփոխություններ են արվում՝ միայն կառավարության ծրագիրն իրականացնելու համար է: Լուծարվելու է Գնումների ՊՈԱԿ-ը, որը երկրորդում էր այլ ՊՈԱԿ-ի գործառույթը, առաջիկայում այլ ՊՈԱԿ-եր էլ են լուծարվելու, որոնք երկրորդում են մեկը մյուսի գործառույթները, պետք է կրճատել, ազատվել ավելորդ բեռից եւ շարժվել առաջ, հակառակ դեպքում զարգացման մասին չի կարելի մտածել»:
