Դիզվառելիքի և բանանի նոր ներկրողներ ունենք. Վարդան Հարությունյան
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախ պարծեցավ, որ 25 տարի խոշոր բիզների ներկայացուցիչ է եղել, և շատ լավ տիրապետում է բիզնեսի խնդիրներին, այնուհետև տեղեկացրեց, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, որպեսզի բիզնեսի դաշտը բացվի: Ինչպես վստահեցրեց՝ պայքարելու է ստվերի դեմ և շեշտեց. «Կպայքարեմ, կտեսնեք: Կա′մ պիտի պայքարենք, կա′մ չպիտի պայքարենք: Ես միտված եմ պայքարելու»: Լրագրողների դիտարկմանը, թե, օրինակ, խոշոր հարկատու «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը, դա՞ է պայքարի արդյունքը, ՊԵԿ նախագահը պատասխանեց, թե հնարավոր է՝ շրջանառությունն է իջել: Մեկ այլ հարցի, թե արդյոք վարչապետի այն հայտարարությունից հետո, թե ով ինչ ապրանք ուզում է, կարող է ներկրել, նոր ներկրողներ եղե՞լ են, Հարությունյանն ասաց, որ ունենք դիզելային վառելիքի և բանանի նոր ներկրողներ: Թե ովքեր են նրանք, ՊԵԿ նախագահը դժվարացավ պատասխանել:
