Դա միայն ես չէ, որ պետք է գնահատեմ.նախարարը՝չարաշահումների մասին
«Անցյալ տարվա համեմատ, բյուջեից հատկացվող գումարների կրճատումներն արտահայտվելու են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի վրա: Անդրադառնալու է բոլոր ճանապարհների վրա: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, բայց եթե բյուջեում հատկացումները շատ լինեն, շատ կկառուցենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին, թե, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու չարաշահումների համար, նախարարը պատասխանեց, որ այդ հարցն առաջին անգամ չէ, որ իրեն տալիս են: «Չարաշահումների համար պատասխան տալու համար եկեք գնահատենք, թե չարաշահումն ում կողմից է եղել: : Դա միայն ես չէ, որ պետք է գնահատեմ»,- ասաց նա: Հարցին՝ գուցե նախկին նախարա՞րը պետք է պատասխան տա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ որևէ նման խոսք չկա, նախկին նախարարն իր գործն արել է բարեխղճորեն: Պատասխանելով հարցին, թե նախատեսվող կրճատումները չե՞ն ազդի վարկային ծրագրերի վրա՝ նկատի ունենալով այն, որ այդ վարկերը կոնկրետ ժամանակով և կոնկրետ նպատակով են վերցված, նախարարը նշեց. «Բոլոր վարկային կազմակերպությունների, բանկերի հետ քննարկմամբ է արվում ամեն ինչ»: Պատասխանելով հարցին՝ մասնավորի ներգրավումը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման մեջ արդյո՞ք նշանակում է, որ հետագայում այդ ճանապարհը վճարովի է դառնալու, Մարտիրոսյանը նշեց, որ կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: «Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել ճանապարհը: Հիմնականում երևի լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»,- ասաց նա: Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի կառուցման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի սկիզբը,ասաց նախարարը:
