Նախարարը կհանդիպի մահացած ծննդկանների հարազատներին
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած խոսքի մեկնաբանություններին: «Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին։ Նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ»,- ասված է հայտարարության մեջ: Կանխավ տեղեկացնեմ, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է։ Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿում արձանագրված մայրական մահացության դեպքը ՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։ Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում»։
