Լարված և թեժ իրավիճակ Աղձքում
Hayeli.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 7-ին Աղձք գյուղի բնակչությունը մեկ մարդու նման ոտքի է կանգնելու՝ իրենց բողոքն արտահայտելու մարզպետի՝ իրենց բնորոշմամբ ապօրինի քայլի դեմ: Աղձքի բնակչուհի Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք դեմ են, որ Փարպի գյուղից ինչ-որ մեկը, ով անգամ տնօրեն աշխատելու համար պահանջվող հավաստագիր չունի, աշխատի իրենց դպրոցում: Այսօր մեր թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ առավոտյան իրենց երեխաներին արգելել են գնալ դպրոց. դպրոցում այսօր դասերը չեն կայացել, դասապրոցեսը կաթվածահար են արել: Աշակերտներին և նրանց ծնողներին են միացել նաև դպրոցի ուսուցիչները և այս պահին մոտ 200 հոգի շարժվում է դեպի Արագածոտնի մարզպետարան: Ըստ բողոքող քաղաքացիների՝ իրենց ընդառաջ են եկել մարզպետարանի աշխատակիցները՝ փորձելով հանդարտեցնել բողոքի ալիքը, սակայն դա նրանց չի հաջողվել. Hayeli.am-ի թղթակիցն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում, և դեպքերի հետագա զարգացման մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
