Ստամբուլահայ երգչուհի Սիբիլն առաջին համերգն է ունեցել Լիբանանում
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն ելույթ է ունեցել լիբանանահայ հանդիսատեսի առաջ. այս մասին գրում է aztagdaily-ն: «Էմիլ Լահուդ» համերգասրահում կայացած համերգային երեկոյին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայանե» պարի դպրոցի սաները: Համերգի ընթացքում սիրված երգչուհին կատարել է «Տեսնեմ Անին», «Կիլիկիա», «Գետաշեն» և այլ հայրենասիրական երգեր: «Հուզմունքով եմ սպասել ձեզ հետ հանդիպմանը: Մենք՝ հայերս, որքան էլ որ ցրված լինենք աշխարհով մեկ, մեր սրտերը մեկ են մեր մշակույթով, մեր հիասքանչ մայրենի լեզվով և մեր արյունակցական կապով», - նշել է երգչուհին իր ելույթի ժամանակ: Սիբիլ Բեքթորոսօղլուն ծնվել և ապրում է Ստամբուլում: Սկսել է երգել փոքր հասակից եկեղեցական «Սուրբ Վարդանանց», այնուհետև` հայկական Սահակյան վարժարանին կից երգչախմբում։ 2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտան «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ:
