«ԱՄՆ-ը սիրիացիներին չի փոխանցել «հացի ոչ մի փշրանք»». Իգոր Կոնաշենկով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ մինչդեռ Ռուսաստանը սիրիական Հալեպ ավելի քան 100 տոննա ամենաանհրաժեշտ բեռներ է հասցրել, ԱՄՆ-ը սիրիացիներին չի փոխանցել «հացի ոչ մի փշրանք»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նա այդպես մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը, որ սիրիական Հալեպի բնակիչներն օգուտ չեն ստանում Ռուսաստանի կողմից սահմանվող հումանիտար դադարներից: Կոնաշենկովի խոսքով՝ վերջին ամիսներին Հալեպ է հասցվել ավելի քան 100 տոննա սննդամթերք, դեղամիջոց, առաջին անհրաժեշտության առարկաներ: Միաժամանակ, հավելել է նա, Հալեպի բոլոր բնակիչները առանց սահմանափակման՝ արևմտյան, թե արևելյան մասում, կարող էին հումանիտար օգնություն ստանալ: «Պետդեպն այդ ընթացքում սիրիացիներին, որոնց մասին այդպես, իբր, հոգում է, հացի ոչ մի փշրանք չի հասցրել»,- ասել է Կոնաշենկովը:
