«Հանրապետականը խոստովանեց իր կադրային սնանկությունը». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում առանձնացրեց վերջին շրջանում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները, որոնցից առաջնայինը, ըստ նրա, այն է, որ ՀՀԿ-ն խոստովանեց իր կադրային սնանկությունը: «15 տարուց ավելի քաղաքական դաշտում գտնվող իշխող կուսակցական ուժն իր կուսակցության կազմից չկարողացավ գտնել վարչապետի թեկնածու: Եվ տեսեք՝ ինչ խանդավառությամբ, մանկլավիկի նման են ներկայացնում նոր վարչապետին: Նոր վարչապետը սկզբունքային մարդ է, բայց գաղափարական ուժի ներկայացուցիչ չէ: Իրենք խոստովանցին իրենց սնանկությունը՝ վարչապետ նշանակելով մի մարդու, որն իրենց թիմից չէ»,- հայտարարեց նա՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանին հեռացնելը շատ հանկարծակի ստացվեց: Դիմելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա ասաց. «Ձեզ ո՞վ էր իրավունք տվել Հովիկ Աբրահամյանին այդպես խայտառակել, մարդուն նշանակել եք վարչապետ, հետն աշխատում եք, ու ոչ մի քննադատություն, ոչ մի սխալ քայլ: Հետո հանկարծ հեռացնում եք, ու պարզվում է, որ տնտեսությունն ահավոր վիճակում է»: Այնուհետև ԱԻՄ առաջնորդը փաստեց, որ հանրության մոտ կա լավատեսություն, իսկ մնացած ամեն ինչը կոսմետիկ բնույթ է կրում:
