Դավաճանները վաղը կբացահայտվե՞ն
Վաղը՝ նոյեմբերի 5-ին, տեղի կունենա Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ այդ թվում Վանաձորի համայանքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու հարցը։ Նիստը տեղի կունենա, թե ոչ, առայժմ անհայտ է, քանի որ Հանրապետական կուսակցությունն ու կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ, «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական Վերածնունդ»-ը՝ միասին 18 մանդատ։ Այս երեք կուսակցությունները որոշում էին կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն պայմանավորվածությունը դրժած անձինք։ Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Ասել է թե՝ եկել է պահը բացահայտելու նրանց, ովքեր քաղաքապետի քվեարկության օրը վաստակեցին դավաճանի պիտակը՝ նախապես պայմանավորվածությունը դրժելով, քվեարկեցին ոչ թե Քրիստ Մարությանի, այլ Մամիկոն Ասլանյանի օգտին: Ընդդիմադիր կոչվող երեք ուժերը ունենալով մանդատների մեծամասնություն փակ քվեարկության ժամանակ նրանցից չորսի քվեարկությունը եղավ հօգուտ ՀՀԿ-ի թեկնածուի: Մինչ քվեարկությունն ընդդիմադիրները հասցրեցին թատրոն բեմադրել՝ պահանջելով բաց քվեարկություն, բայց ՀՀԿ-ականների ճնշումների ու համառ պնդումների արդյունքում հետ կանգնեցին այդ մտադրությունից: Հարկ է նշել, որ այս իմաստով ԲՀԿ-ն կարելի է ասել ապացուցել է իր <<անմեղությունը>, երբ քվեարկությունից հետո սկսեցին միմյանց մեջ որոնել <<պոռնիկներին>>, ինչպիսին նրանց բնորոշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ականները բացեցին խաղաքարտերը՝ բացահայտելով Լուսավոր Հայաստանի հետ նախապես պայմանավորվածությունը: Նրանք պարզվեց, որ տարբերանշված են քվեարկել եւ երեք <<պտիչկաները>> , ԲՀԿ-ի երեք ձայները տեղում են եղել: Լուսավոր Հայաստանից էլ բացառեցին իրենց դավաճանության փաստը, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց քվեարկություններն էլ են տեղում: Նշենք նաեւ, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀԿ-ի ճնշումների արդյունքում է, որ ընդդիմադիրները կողմ չեն քվեարկել իրենց թեկնածուին, մասնավորապես այդ օրերին ակտիվ էին ՀՎԿ-ն գլխավորող Արտավազդ Փելեշյանի՝ հոգեւորականին ծեծի պատմությունը եւ այն լուրերը, որ ՀՀԿ-ի դեմ գործողությունների դեպքում կալանավորման որոշում կկայացնի: Եվ հիմա, երեք ուժերն էլ հայտարարել են, թե բոյկոտելու են ավագանու նիստերը ու վերահաստատել, որ որոշումն ուժի մեջ է: Սակայն այսօր դժվար է միանշանակ հավատալ նրանց պնդումներին, քանի որ մեծամասնություն ունենալով նրանք չկարողացան նորմալ ընտրություն իրականացնել: Հատկապես, որ այդ քվեարկությունից հետո կողմերի միջեւ անվստահության մեծ ճեղք է առաջացել ու ոչ այնքան համախմբված են դարձել: Եվ այս իմաստով վաղվա ավագանու նիստը ստուգարք է լինելու բոլորի համար, որ թիմից ի հայտ կգան դավաճանները, կգան արդյոք վաղվա նիստին, թե դեռ կսպասեն, դժվար է ասել: Սակայն մի հարցում կա հստակություն, նրանք երկար թաքնվել չեն կարող, որովհետեւ կտապալվի քաղաքապետարանի նիստը, եթե չհաստատվի համայնքային բյուջեն, ծրագրերը եւ այլն:
Անի Սահակյան
