Կարեն Կարապետյանին լսել ու վազել են
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե սփյուռքահայերը արդյոք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում, ասել է,որ Կարեն Կարապետյանի հայտարարություններից հետո մեծացել է Հայաստանում ներդրում կատարելու ցանկություն ունեցող սփյուռքահայերի թիվը:
Հրանուշ Հակոբյանը նաև հավելել է, որ սփյուռքահայերը հետևում են իր կոչին ու գումարներ են դնում հայաստանյան բանկերում: «Դնում են, որովհետև իրենք շահ են ստանում, հենց այնպես չեն դնում»,- ասել է նա՝ փաստելով, որ հատկապես ԱՄՆ-ից ու Կանադայից են շատերը գումարներ դնում հայաստանյան բանկերում:
Այնուհետև նախարարը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ից մինչև այսօր Հալեպից Հայաստան է ժամանել 28 հոգի: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ կա աշխատանքի տեղավորելու խնդիր, որի համար մի քիչ երկար ժամանակ է պահանջվում։ Ըստ նախարարի՝ այս հարցում միայն բյուջեից հատկացումները բավարար չեն, դրանք կյանքի կոչելու համար նախարարությանն աջակցություն են ցույց տալիս անհատներ և որոշ կազմակերպություններ։
