Տաքսիստները երեխայի հացից կտրում տուգանք են մուծում ու չգիտես՝ ո՞ւր է գնում.Արմեն Առաքելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ գազի գնի իջեցումը ողջունելի է, բայց ցավալի է, որ դա արվում է ոչ թե պետության վարած քաղաքականության արդյունքում, այլ պայմանավորված է վարչապետի անձով: «Ցավալի է, որ մենք ամբողջը հանձնեցինք «Գազպրոմին» այն պարագայում, երբ Իրանն առաջարկում էր նորմալ՝ 1400 միլիմետրանոց խողովակաշար անցկացնել։ Մենք ոչ միայն ընտրեցինք փոքրը, այլ նաեւ այդ խողովակաշարը պարտքերի դիմաց հանձնեցինք «Գազպրոմին»: Այսինքն, կառավարությունը չհարգեց ժողովրդական հին խոսքը, որ ձվերը մի կողովի մեջ չեն դնում եւ դրեց, այն էլ ընկավ ու կոտրվեց»,-ասաց Ա. Առաքելյանը: Անդրադառնալով «Սեքյուրիթի դրիմ», «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների գործառույթները պետությանը փոխանցելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին, Արմեն Առաքելյանը հայտարարեց . «Պարզ չի՝ սեփականատեր փոխվո՞ւմ է, թե ոչ: Որքան հասկացա՝ ողջ գումարը գնալու է բյուջե, հետո գնա համապատասխան բաներին, բայց այս հարցը «Ազատ դեմոկրատները» մեկ տարի առաջ բարձրացրել են ԱԺ-ում: Եթե մեր նախագահն ու վարչապետը կարող էին այդ հարցը միանգամից լուծել, թող մեկ տարի առաջ լուծեին:Պարզ չի՝ սեփականատեր փոխվո՞ւմ է, թե ոչ»: « Քերելով հավաքում են ժողովրդի ձեռքից այդ գումարները: Տաքսիստները երեխայի հացից կտրում տուգանք են մուծում ու չգիտես՝ ո՞ւր է գնում:ՃՈ-ն այդ գումարները տնօրինելով՝ ոչինչ չի ձեռնարկել, օրինակ, խցանումները վերացնելու համար: Մտածում են՝ որտեղ ինչ տեսախցիկ դնեն, որ այդ գումարները կորզեն»,- դժգոհեց Արմեն Առաքելյանը: Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր նշյալ ընկերությունների ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը փոխանցել պետությանը:
